Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը երկու երկրների ինքնիշխան որոշումն է, բայց դրա հետ կապված կան երկու-երեք կետեր։
«Ինչպես անցյալում, մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը. խաղաղության համաձայնագիր, որը կհարթի ճանապարհ տարածաշրջանում կայուն անվտանգության համար։
Մեկ այլ կետ է Հարավային Հայաստանից Նախիջևան երթուղու ստեղծման քննարկումները, որի վերաբերյալ մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմ ենք շրջափակման վերացմանը և հաղորդակցության ուղիների ստեղծմանը, բայց այդ ուղիները պետք է իրականացվեն միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանմամբ և առանց աշխարհաքաղաքական պայմանների փոփոխության»,- ասել է նա։
Բաղային ընդգծել է, որ Իրանը օգտակար չի համարում տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը, և հայտնել են իրենց մտահոգությունները դրա վերաբերյալ։
«Մեզ վստահեցրել են, որ տարածաշրջանում օտարերկրյա զինված ուժեր չեն տեղակայվի»,- շեշտել է նա։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կարևոր դրույթներից մեկը երկու երկրների սահմաններին օտարերկրյա զինված ուժեր չտեղակայելու մասին շեշտադրումն է եղել.
«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել այս մասին, ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ զարգացումներին և սերտ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ։ Մենք չենք կարծում, որ տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը նպաստավոր է խաղաղության և կայունության համար»,- հավելել է նա։