Միջազգային

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Բաղայի

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական բարդությունները։ Կ

Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին, գրում է Tasnim-ը։

Նա ընդգծել է, որ Իրանը Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հետևում է «բաց աչքերով» և ոչինչ չի թերագնահատի կամ նսեմացնի։ Բաղային ընդգծել է, որ արտաքին միջամտությունը և տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն կավելացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և որևէ կառուցողական նպատակի չեն ծառայի։

Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության պայմանագիրը՝ նա նշել է, որ 12-րդ հոդվածը սահմանում է, որ նրանց ընդհանուր սահմանների երկայնքով օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղակայվի։

«Մենք շատ զգայուն ենք այդ հարցի նկատմամբ, քանի որա Հայաստանն ինքն էլ գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», - հավելել է Բաղային։ Խոսնակը նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ բարելավելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ամրապնդող ցանկացած նախաձեռնության։