Ըստ ամերիկյան NPR-ի (National Public Radio)՝ Ալյասկայի հյուրանոցում հայտնաբերվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի նշագրերով փաստաթղթեր, որոնք բացահայտում են օգոստոսի 15-ին Անքորիջում կայացած Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման որոշ մանրամասներ։ Ութ էջից բաղկացած նյութերը, որոնք, ըստ երևույթին, պատկանել են ԱՄՆ պատվիրակության աշխատակիցներին և պատահաբար մնացել են հյուրանոցի բիզնես կենտրոնում, պարունակում են գագաթնաժողովի ճշգրիտ վայրերը, ժամերը և ամերիկյան պաշտոնյաների հեռախոսահամարները։
Ըստ NPR-ի՝ փաստաթղթերի առաջին էջում նշված է օգոստոսի 15-ի հանդիպումների հաջորդականությունը՝ ներառյալ Անքորիջի ռազմաբազայում գտնվող սենյակների անունները։ Նշվում է նաև, որ Թրամփը մտադիր է եղել Պուտինին նվիրել խորհրդանշական ընծա՝ ամերիկյան ճաղատ արծվի սեղանի արձանիկ։
Երկրորդից հինգերորդ էջերը պարունակում են երեք ամերիկացի աշխատակիցների անուններն ու հեռախոսահամարները, ինչպես նաև 13 ամերիկացի և ռուս պաշտոնյաների ցանկը, ներառված է նաև ռուս պաշտոնյաների անունների ֆոնետիկ արտասանությունները, այդ թվում՝ «Mr. President POO-tihn»։
Վեցերորդ և յոթերորդ էջերը նկարագրում է գագաթնաժողովի ճաշը։ Մենյուն նախատեսված էր «Նորին գերազանցություն Վլադիմիր Պուտինի պատիվին»։ Նստեցման սխեմայից երևում էր, որ Թրամփը և Պուտինը պետք է նստեին միմյանց դիմաց։ Թրամփի աջ կողմում պետք է նստեին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլզը, ձախից՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հաուարդ Լութնիկը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Պուտինի կողքին պետք է նստեին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Չնայած նախատեսված ճաշը հետագայում չի կայացել, փաստաթղթերը վկայում են, որ այն պետք է լիներ պարզ՝ եռաբաժին։ Նախատեսված էր կանաչ աղցան, ապա ֆիլե մինյոն և հալիբուտ օլիմպիա, իսկ դեսերտի համար՝ կրեմ-բրյուլե։

