Միջազգային

Իսպանիայում զանգվածային անտառային հրդեհներ են. կան զոհեր և ձերբակալվածներ

Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք արդեն ավերել են գյուղեր և հսկայական անտառային տարածքներ։ Զոհվել է երեք մարդ, նրանցից երկուսը եղել են հրշիջման աշխատանքների կամավորներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ շուրջ 4000 հրշեջ, զինծառայող և կամավոր շարունակում են պայքարը 38 աստիճանից բարձր ջերմության պայմաններում։

Հրդեհներից առավել տուժել են Կաստիլիա և Լեոն, Գալիսիա, Վալենսիա և Էստրեմադուրա շրջանները։ Այս տարի արդեն այրվել է ավելի քան 148 հազար հեկտար տարածք։ Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալի, որոնք մեղադրվում են հրկիզման փորձի մեջ։ Ենթադրվում է՝ նրանցից մեկի գործողության հետևանքով 2200 հեկտար անտառ է այրվել։

Իսպանիան օգնություն է խնդրել ԵՄ-ից․ Ֆրանսիան արդեն երկիր է ուղարկել երկու հրշեջ ինքնաթիռ։ Նման հրդեհներ այս օրերին մոլեգնում են նաև Հունաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում և Բալկաններում։