Միջազգային

Թրամփը Նոբելյան մրցանակի հարցով զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնության մասին հարցնելու համար նախորդ ամսին անսպասելիորեն զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգին։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով նորվեգական Dagens Næringsliv պարբերականին, զանգը կատարվել է այն պահին, երբ Ստոլտենբերգը Օսլոյի փողոցում քայլելիս է եղել։ Բացի մրցանակից, քննարկվել են նաև մաքսատուրքերի և տնտեսական համագործակցության հարցեր։

Ստոլտենբերգը Reuters-ին հայտնել է, որ զանգի ընթացքում ներկա են եղել նաև Սպիտակ տան մի շարք պաշտոնյաներ, ներառյալ՝ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Նա հրաժարվել է մանրամասնել զրույցի ամբողջ բովանդակությունը։

Guardian-ը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս դժգոհել է Նոբելյան մրցանակ չստանալու պատճառով, այն դեպքում, երբ իր նախորդները, ներառյալ՝ Բարաք Օբաման, արժանացել են այդ պարգևին։ Վերջին անգամ հունիսին Truth Social-ում նա գրել էր, որ անկախ իր խաղաղության նախաձեռնությունների արդյունքներից՝ մրցանակ չի ստանա, սակայն «ժողովուրդը գիտի, և դա է ամենակարևորը»։

Հիշեցնենք, որ ամեն տարի Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն դափնեկիրներ ընտրելուց առաջ դիտարկում է հարյուրավոր թեկնածուների:

Կոմիտեի անդամները նշանակվում են Նորվեգիայի խորհրդարանի կողմից՝ համաձայն 19-րդ դարի շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի կտակի։ Դափնեկիրների անունները հայտարարվում են հոկտեմբերին։