ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը սպառնում է ավելի քան 1 միլիարդ դոլարի պահանջի դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ. գրում է BBC-ն։ Պատճառը Բայդենի հայտարարությունն է, իբր Մելանիան իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի հետ ծանոթացել է սեռական հանցագործ Ջեֆրի Էփստեյնի միջոցով։
Մելանիա Թրամփի փաստաբանները հայտարարությունը որակել են որպես «սուտ, զրպարտչական, արժանապատվությունը վարկաբեկող և սադրիչ»։ Իրավաբանական նամակում պահանջվում է, որ Բայդենը հրապարակայնորեն հերքի իր խոսքերը և ներողություն խնդրի, հակառակ դեպքում կբախվի դատական հայցի և մեկ միլիարդ դոլարից ավել վնասի հատուցման պահանջով դատական գործի։
Հանթեր Բայդենը նման հայտարարություն է արել ռեժիսոր Էնդրյու Քալահանի հետ հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Էփստեյնի ու Դոնալդ Թրամփի նախկին կապերին։ Նա պնդել է, թե առկա են չհրապարակված փաստաթղթեր, որոնք կարող են կապված լինել Թրամփի հետ։
Ի պատասխան՝ Մելանիա Թրամփի իրավաբանները հայտարարել են, որ այդ պնդումներն անհիմն են, հիմնված են արդեն հերքված և ջնջված հոդվածի վրա և զգալի վնաս են հասցրել առաջին տիկնոջ հեղինակությանը։
Նշվում է, որ Մելանիան ու Դոնալդ Թրամփը հանդիպել են 1998թ․՝ մոդելային գործակալության հիմնադրի կազմակերպած երեկույթի ժամանակ։ Չկան ապացույցներ, որ նրանց ծանոթությունը որևէ կերպ կապ ունի Ջեֆրի Էփստեյնի հետ։
Այս սկանդալային պատմությունը ծավալվում է այն բանից հետո, երբ ավելանում է ճնշումը Սպիտակ տան վրա՝ պահանջելով հրապարակել Էփստեյնի հետաքննությանը վերաբերող փաստաթղթերը։