Երկրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունեցել սերբ հակակառավարական ցուցարարների և կառավարության կողմնակիցների միջև։
Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Բելգրադում, Նովի Սադում և Սերբիայի այլ քաղաքներում, որոշ տեղերում դրանք վերաճել են նաև ոստիկանության հետ բախումների։
Նովի Սադում վիրավորվել է 16 ոստիկան և «Կոբրա» հատուկ նշանակության ջոկատի հինգ անդամ։ Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը միջադեպը անվանել է «հարձակում պետության վրա»։ Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 60 քաղաքացի։
Զանգվածային անկարգությունների ֆոնին նախագահ Ալեքսանդր Վուչիչը ելույթ է ունեցել Բելգրադում։ Նրա խոսքով՝ ցուցարարները ցանկանում են երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ մղել։
Սերբիայում հակակառավարական բողոքի ցույցեր են ընթանում անցյալ տարվա նոյեմբերից՝ Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո։ Այդ ժամանակ զոհվեց 15 մարդ։ Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ։