Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա և հանդիպում ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը անդրադարձել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։
Կավելաշվիլին հայտնել է, որ Էրդողանի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և առկա մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք պետք է նպաստեն տարածաշրջանի խաղաղության և կայունության առաջխաղացմանը»,- ասել է նա:
Ընդգծելով, որ Վրաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության բանակցություններում, Կավելաշվիլին հավելել է.
«Այս համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունության համար։ Մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության ապահովման և զարգացման տեսանկյունից Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ մեխանիզմը չափազանց լավ օրինակ է: Սա չափազանց կարևոր օրինակ է, թե ինչպես կարելի է համագործակցել երկրների միջև։ Սա կարևոր օրինակ է նրա, թե ինչպես են այդ երկրները հարգում միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դա չափազանց կարևոր է նաև տարածաշրջանային անվտանգության համար»,- հավելել է նա։