Հայաստանի Սյունիքի մարզով հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելիս պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ․ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ մեկնաբանելով Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը։
Նա նշել է, որ Ռուսաստանն արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22թթ․ եռակողմ պայմանավորվածությունները, քանի որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մասին:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն և ղեկավարությունը բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան պատրաստ է հարաբերությունների կարգավորման հարցում աջակցել գործընկերներին։ Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհին», ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն վերապահել է իր կարծիքը, քանի դեռ չի ուսումնասիրել նախագծի մանրամասները, որոնք դեռ չեն հրապարակվել: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միացումը պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, ոչ թե ստեղծի նոր խնդիրներ և բաժանարար գծեր։ Մենք նաև նշել ենք, որ պետք է հաշվի նստել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության հետ։ Կարծում ենք՝ դա պետք է հաշվի առնել նախագծի մանրամասները մշակելիս», - ասել է Ֆադեևը։