Միջազգային

Ուկրաինան ներկայացրել է իր կարմիր գծերը խաղաղության բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և եվրոպացի դաշնակիցները պատրաստվում են Ալյասկայում կայանալիք Թրամփ–Պուտին հանդիպումից առաջ ներկայացնել Մոսկվայի հետ բանակցությունների իրենց պայմանները՝ բացառելու ցանկացած համաձայնություն, որն, ըստ Կիևի, կարող է վտանգել երկրի անկախությունը։

Ուկրաինայի հիմնական պահանջներն են՝

  • Կայուն հրադադար, մինչև որևէ տարածքային փոփոխության քննարկումը - Կիևը մերժում է «տարածքների փոխանակման» առաջարկները և հայտարարում, որ սահմանների փոփոխությունը հակասում է միջազգային իրավունքին և սահմանադրությանը։ Զելենսկին շեշտում է, որ Դոնբասի հանձնումը ճանապարհ կբացի նոր հարձակման համար։
  • Ռուսաստանի ֆինանսական պատասխանատվություն – Ուկրաինան պահանջում է, որ Մոսկվան փոխհատուցի մոտ 500 միլիարդ եվրո արժողությամբ վնասը՝ մինչ այդ պահելով սառեցված ռուսական ակտիվները։
  • Անվտանգության իրական երաշխիքներ -Կիևը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունն է դիտարկում որպես միակ երկարաժամկետ պաշտպանություն, սակայն մերժում է ռուսական պահանջները զինուժի կրճատման կամ զինամթերքի մատակարարումների դադարեցման վերաբերյալ։
  • Ռազմագերիների և երեխաների վերադարձ - Ուկրաինան պահանջում է վերադարձնել մոտ 20․000 ապօրինի տեղափոխված երեխաներին և բոլոր ռազմագերիներին՝ ընդգծելով, որ երեխաների հարցը ռազմական հանցագործություն է։
  • Պատժամիջոցների պահպանություն և խստացում – Կիևը զգուշացնում է, որ ԱՄՆ կամ Եվրոպայի կողմից պատժամիջոցների մեղմացումը Ռուսաստանին թույլ կտա վերականգնել ռազմական ներուժը և նորից հարձակվել։

Զելենսկին ընդգծել է՝ «Ցանկացած որոշում, որ ընդունվում է առանց Ուկրաինայի, որոշում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի օգտին»։