Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղի լրատվականներից մեկի հետ զրույցում խոսել է ապագայում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի և դրանում իր դերի մասին։
«Լավ կլինի՝ Հայաստանում նշանակվելիք դեսպանն իմանա հայերեն և ծանոթ լինի այդ ժողովրդի առանձնահատկություններին։ Պարտադիր չէ, որ նա դիվանագետ լինի, կարելի է կողքից ինչ-որ մեկին նշանակել։ Կարևորն այն է, որ նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները»,- ասել է նա։
Նա նշել է, որ դեսպանի նշանակումից առաջ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հատուկ փաստաթուղթ ստորագրել. դրանից հետո կարելի է քննարկել՝ ով է լինելու դեսպանը, և քանի աշխատակից կլինի դեսպանատանը։
Երևանում որպես դեսպան աշխատելու մասին հարցին Մամեդյարովը պատասխանել է. «Ինչպես հարկ կհամարեն»: