Միջազգային

Թրամփը և Պուտինը կունենան փակ ձևաչափով հանդիպում՝ միայն երկու նախագահների և թարգմանիչների մասնակցությամբ

Ամերիկյան և ռուսական կողմերը պատրաստվում են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ ուրբաթ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ CNN-ի տեղեկության համաձայն, այս վայրն ընտրվել է անվտանգության պահանջները բավարարելու պատճառով։

Գագաթնաժողովի կազմակերպումը բարդացել էր այն պատճառով, որ ամառը Ալյասկայում տուրիստական բարձր սեզոն է։ Ընտրությունը կանգ է առել Աանկորիջում գտնվող ռազմական բազայի վրա։

Ինչ են քննարկելու կողմերը

Չնայած բարձր մակարդակի այս հանդիպմանը, օրակարգը և սպասվող արդյունքները դեռ հստակ չեն։ Սպիտակ տան պաշտոնական գնահատմամբ, գագաթնաժողովը կլինի «իրար լսելու» առիթ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփը ցանկանում է գնահատել Պուտինին և անձամբ լսել նրա դիրքորոշումները՝ նախքան եզրակացություններ անելը։

Գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում ամերիկյան և ռուսական դիվանագետները քննարկել են «որոշ նախապատրաստական հարցեր», սակայն հայտնի չէ, թե իրականում ինչ պայմանավորվածություններ են սպասվում։ Եվրոպական աղբյուրները նշում են, որ Պուտինն առաջարկել է խաղաղության որոշ պայմաններ, սակայն դրանց մանրամասները մնում են անհասկանալի։ 

Գագաթնաժողովից հետո Թրամփը խոստացել է անմիջապես զրուցել եվրոպացի ղեկավարների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սակայն Զելենսկին Ալյասկայում չի լինի, և եռակողմ հանդիպման տարբերակը դուրս է մնացել օրակարգից։

Հայտնի է նաև, որ գագաթնաժողովի մի մասը նախատեսվում է անցկացնել փակ ձևաչափով՝ միայն երկու նախագահների և թարգմանիչների մասնակցությամբ, ինչը նախկինում էլ է եղել Թրամփ–Պուտին հանդիպումների առանձնահատկությունը։

Միևնույն ժամանակ, Պուտինը գագաթնաժողովից առաջ հեռախոսազրույցներ է ունեցել իր մերձավոր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, որը նախկինում մի քանի անգամ հանդիպել է Թրամփին։