Միջազգային

Վաշինգտոնի հանդիպումից հետո ի՞նչ է քննարկվել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին։

Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը կարևորել է քայլերը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը նաև ներկայացրել է Ուիթքոֆի հետ իր վերջին զրույցի հիմնական արդյունքները, ինչպես նաև խոսել Ալյասկայում նախատեսվող հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, որտեղ նախատեսվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Փաշինյանը ողջունել է նաև ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը:

Բացի այդ, զրուցակիցները անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։