Միջազգային

Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին

Ես կցանկանայի շնորհավորել մեր հարևան և բարեկամ պետություններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ձեռք բերված խաղաղության համաձայնության կապակցությամբ, ինչը շատ կարևոր է․ լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագիրը կնպաստի մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Անդրկովկասում խաղաղության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանը:

«Սա սկզբունքորեն կարևոր է։ Բնականաբար, մենք ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին: Հենց նրա առաջնորդությունն ապահովեց այդ համաձայնագրի ստորագրումը։

Ի վերջո, մեզ համար սկզբունքորեն կարևոր է ամրապնդել մեր անկախությունը։ Մեր հարևան պետություններն ունեն նույն մոտեցումը՝ առավելագույն ազատություն, առավելագույն անկախություն։ Դա կնպաստի մեր տարածաշրջանում ինչպես խաղաղության, այնպես էլ՝ բարգավաճման ամրապնդմանը։ Վրաստանը շարունակում է կենտրոնական տեղ զբաղեցնել տարածաշրջանում։ Վերջին 30 տարվա ընթացքում, չնայած՝ մեր երկու հարևան պետությունների միջև շատ լուրջ հակամարտություն է եղել, մենք առավելագույնս նպաստել ենք խաղաղության ամրապնդմանը։ Դրանում եղել է մեր դերը, որը բարձր են գնահատում մեր բարեկամ հարևանները՝ Ադրբեջանը և Հայաստանը։ Ապագայում, իհարկե, մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր հարևան պետությունների հետ միասին ապահովենք խաղաղության ամրապնդումը ողջ տարածաշրջանում։ Սա մեր առաքելությունն է տարածաշրջանում, որտեղ Վրաստանը շատ կարևոր դեր ունի», - նշել է Իրակլի Կոբախիձեն։