Ըստ CNN-ի՝ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբամայի, Ջորջ Բուշ կրտսերի և Ջորջ Բուշ ավագի պաշտոնական դիմանկարները Սպիտակ տան գլխավոր հանրային մուտքից տեղափոխել է թաքնված աստիճանավանդակի տարածք՝ տեսադաշտից հեռու։
Այս քայլը Օբամայի և Թրամփի միջև սրված քաղաքական լարվածության ֆոնին է։ Վերջին ամիսներին Թրամփը հրապարակայնորեն մեղադրել է Օբամային և նրա վարչակազմին՝ 2016թ․ ընտրություններին միջամտության կեղծ մեղադրանքներ պատրաստելու մեջ, ինչն Օբաման բնորոշել է «անհեթեթ» և «մոլորեցնող»։
Օբամայի դիմանկարը տեղափոխվել էր նաև այս տարվա ապրիլին, երբ այն փոխարինվեց Թրամփի դեմ մահափորձից փրկվելը պատկերող գեղանկարով։ Սպիտակ տան ավանդույթի համաձայն՝ վերջին նախագահների դիմանկարները սովորաբար ցուցադրվում են շքամուտքում՝ հյուրերի և պաշտոնական պատվիրակությունների աչքի առաջ։