Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը վաղը կայցելի Թեհրան։ Նա նաև հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին և ԱՄՆ-ում Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրին և դրա վերաբերյալ մտահոգություններին, Բաղային ասել է.
«Մենք եղել և մնում ենք սերտ կապի մեջ Հարավային Կովկասի հարևան երկրների հետ: Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ և բարձր ենք գնահատում բարիդրացիության և փոխադարձ շահի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Իրանում ակնկալում են և պրակտիկան այն է, որ այդ երկրների հետ կապի մեջ լինեն այն իրադարձությունների շուրջ, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափել Իրանի շահերը։
«Մենք Հայաստանի հետ բանակցում ենք վաղուց»,- ասել է նա։
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի կնքման գլխավոր հարցին, ապա դա նոր հարց չէ։ Եթե հիշում եք, նախորդ բանակցություններում մենք կոչ էինք անում երկու կողմերին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Մենք կարծում ենք, որ այս խաղաղության համաձայնագիրը կարող է շրջադարձային լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- ընդգծել է նա։
Բաղային պարզաբանել է, որ այսօր և վաղը տեղի կունենան բարձր մակարդակի խորհրդակցություններ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև, որպեսզի իրանական կողմը կարողանա ավելի ճշգրիտ տեղեկացված լինել իրավիճակի մասին և հայկական կողմի հետ կիսի հնարավոր նկատառումներն ու մտահոգությունները: