Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ պետք է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է NBC News-ը՝ հղում անելով ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի և ներքին քննարկումների մասին տեղեկացված երեք անձանց։
«Դա քննարկվում է», - ասել է քննարկումների մասին տեղեկացված անձանցից մեկը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան և քննարկումների մասին տեղեկացված անձինք ասել են, որ որևէ այց դեռևս վերջնականապես չի որոշվել, և որ պարզ չէ, թե արդյոք Զելենսկին, ի վերջո, կլինի Ալյասկայում հանդիպումների համար։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դա հնարավոր է։
«Բոլորը մեծ հույս ունեն, որ դա տեղի կունենա», - ասել է պաշտոնյան։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտոնապես հրավիրե՞լ է Զելենսկուն Ալյասկա, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է. «Նախագահը բաց է երկու առաջնորդների հետ եռակողմ գագաթնաժողովի համար: Այս պահին Սպիտակ տունը կենտրոնանում է նախագահ Պուտինի կողմից պահանջված երկկողմ հանդիպումը պլանավորելու վրա»:
Ուկրաինայի կառավարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին:
Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ օգոստոսի 15-ին Ալյասկայում հանդիպելու է Պուտինի հետ՝ Ուկրաինայում հրադադար ապահովելու նպատակով: Սկզբում Սպիտակ տունը Պուտինի և Զելենսկու հանդիպումը որպես պայման էր դրել Թրամփի և Ռուսաստանի նախագահի միջև հանդիպման համար, սակայն Թրամփը հետագայում ասաց, որ դա նախապայման չէ:
Եթե Զելենսկին մեկնի Ալյասկա, պարզ չէ՝ նա և Պուտինը երբևէ նույն սենյակում կլինեն, թե ոչ, ասել է քննարկումներին ծանոթ անձանցից մեկը: