Միջազգային

Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Զելենսկին կիսվել է զրույցի մանրամասներով։  

«Ես շնորհավորեցի պարոն նախագահին և Ադրբեջանի ողջ ժողովրդին՝ նախագահ Թրամփի օգնությամբ Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության համար։ Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ կստացվի։

Ես պարոն նախագահին տեղեկացրեցի գործընկերների հետ մեր շփումների մասին։ Բոլորը հավասարապես վճռական են պատերազմն իսկապես դադարեցնելու և արդյունավետ դիվանագիտություն վարելու հարցում։ Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև հիմնական սկզբունքները, որոնք կարող են մոտեցնել խաղաղությանը։ Ես շնորհակալ եմ մեր ժողովրդի և պետականության աջակցության համար։ Կարևոր է, որ աշխարհի համատեղ ջանքերը վերջապես ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և ագրեսիան։

Մենք նաև քննարկեցինք մեր էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Մեզ հաջողվեց հասնել նշանակալի արդյունքների։ Մենք համաձայնեցինք, որ այսքանով կանգ չենք առնի և կշարունակենք աշխատել մեր հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Ես տեղեկացրեցի մեր էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների մասին։ Ուկրաինան սա համարում է Ռուսաստանի կողմից միտումնավոր փորձ՝ խափանելու էներգետիկ ուղիները, որոնք մեզ և մյուս եվրոպական երկրներին ապահովում են էներգետիկ անկախություն։ Մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։