Միջազգային

Թրամփը կարծում է, թե անշարժ գույքի գործակալ է. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին հայտնել է, որ այդ իրագործելով՝ Հվ. Կովկասի անվտանգությունը վտանգվելու է։ «Իրանը շեշտել է, որ կշարժվի դեպի Հվ. Կովկասի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ լինի դա ՌԴ-ի հետ, թե առանց նրա, և, իհարկե, մենք կարծում ենք, որ ՌԴ-ն նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»։

Վելայաթին նշել է. «Միջանցք վարձակալելը այլ երկրի կողմից միամիտ հայտարարություն է։ Այն, թե Թրամփը ցանկանում է վարձակալել միջանցք՝ աշխարհի այս հատվածում, նման է նրան, որ ինչ-որ մեկը գնա աշխարհի այս կողմից և վարձակալի Պանամայի ջրանցք։ Դա անհնար է և չի լինելու։ Թրամփը, ինչպես միշտ, բարձրագոչ, բայց անիմաստ հայտարարություններ է անում։ Թրամփը կարծում է, թե անշարժ գույքի գործակալ է և ուզում է վարձակալել հող կամ տարածք»։

«Տարածաշրջանի հավասարակշռությունները և հարաբերությունները սահմանափակված չեն միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունը նաև փոխում է Իրանի սահմանները, ուստի մենք իրավունք ունենք լիարժեք ուժով պաշտպանելու մեր շահերը», - հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։