Միջազգային

Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ֆրանսիան ողջունում է այսօր Վաշինգտոնում նախագահ Թրամփի հովանու ներքո նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված համաձայնագրի մասին հայտարարությունը։

Միացյալ Նահանգների հանձնառության շնորհիվ ձեռք բերված արդյունքները վճռական քայլ են դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը և վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։

Այս առումով Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային կապի զարգացումը և սահմանների վերաբացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման տարածք՝ ի նպաստ տարածաշրջանի բնակչությանը։ Իր եվրոպացի գործընկերների հետ մեկտեղ Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն նպաստել դրան։