Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կրկին մեղադրել է պատերազմ սկսելու մեջ։
«Սաակաշվիլիի կառավարության կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը, ներառյալ՝ Եվրոխորհրդի բանաձևը և Տալյավինիի եզրակացությունը, անհերքելի ապացույցն են այն բանի, որ պատերազմն սկսել է Սաակաշվիլիի ռեժիմը, և այդ փաստաթղթերից խուսափել հնարավոր չէ։ Դա դավաճանություն էր»,-հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այդ ամենը լուրջ հարված է հասցրել երկրին. «Եվրոխորհրդի բանաձևը և Տալյավինիի եզրակացությունն արտացոլում են փաստերի ժամանակագրությունը, որը ցույց է տալիս, որ 2008թ. օգոստոսի 7-ին այն ժամանակվա ռեժիմը հրետանային կրակ է բացել Ցխինվալիի ուղղությամբ, ինչին հաջորդել է ռուսական զորքի ներխուժումը Վրաստան»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ապօրինաբար օկուպացրել է Վրաստանի տարածքի 20%-ը, և, իհարկե, ոչինչ չի արդարացնում Ռուսաստանի գործողությունները:
Վրաստանի վարչապետը նաև մեկնաբանել է Հարավային Օսիայի անկախության ճանաչման և ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարավօսական առաջնորդների կոչերը:
«Մեր կողմից այսպես կոչված անկախության ոչ ուղղակի, ոչ անուղղակի ճանաչումն անհնար է», - ընդգծել է նա։
Ընդ որում, Իրակլի Կոբախիձեն հերթական անգամ հաստատել է, որ «Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի միայն խաղաղ ճանապարհով:
«Մեզ համար այդ կոչը լուրջ չէ։ Ինչ վերաբերում է չհարձակմանը, մենք հայտարարում ենք տարածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհը՝ դա խաղաղ ճանապարհն է, և, իհարկե, որևէ այլ համաձայնագրի կամ փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող։ Այսպես կոչված անկախության ոչ ուղղակի, ոչ անուղղակի ճանաչումը մեր կողմից անհնար է, ուստի դրա մասին ակնարկող ցանկացած կոչ մեզ համար կտրականապես անընդունելի է», – հայտարարել Է վարչապետը։