Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսիայի ուղիղ երկխոսությունը կարող է առաջ ընթանալ վրացական իշխանությունների կողմից Ցխինվալի դեմ ագրեսիայի փաստի ճանաչման ֆոնին. հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների տարելիցի կապակցությամբ:
«Ժնևյան պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններում առաջընթաց ակնկալելու հնարավորություն կա՝ վերջին տարում վրացական իշխանությունների կողմից Հարավային Օսիայի դեմ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից ձեռնարկված ագրեսիայի փաստի հրապարակային խոստովանության, ինչպես նաև աբխազների և հարավային օսերի հետ հաշտեցման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին։ Կարևոր է, որ վրացական ղեկավարության այս բացահայտումները որոշիչ դառնան Սուխումի և Ցխինվալի հետ հարաբերություններ կառուցելու՝ Թբիլիսիի մոտեցումներում, ինչպես նաև վերածվեն կոնկրետ գործնական քայլերի»,- գրել է նա։
Զախարովան հավելել է, որ բանակցային գործընթացի առաջնահերթ խնդիրներից է մնում Վրաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի դեմ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքումը:
«Դա ոչ միայն հուսալի երաշխիք կհանդիսանա 2008 թվականի օգոստոսի ողբերգական իրադարձությունների չկրկնման, այլև մեկնարկային կետ՝ Թբիլիսի-Սուխում-Ցխինվալ եռանկյունու կարգավորման համար: Իսկ երեք պետությունների սահմանամերձ շրջաններում իրադրության կայունացմանը կնպաստի վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանների դելիմիտացիայի սկիզբը՝ դրանց հետագա սահմանազատմամբ», - ընդգծել է նա։
«Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացներին». եզրափակել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։