Իսրայելի անվտանգության խորհուրդը հավանություն է տվել պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ջախջախման և Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագրին: Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել են AP և Reuters գործակալությունները։
Որոշումն ընդունվել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների գիշերային խորհրդակցությունից հետո՝ չնայած պատերազմը դադարեցնելու միջազգային կոչերին և Իսրայելի բազմաթիվ բնակիչների բողոքներին, որոնք վախենում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ճակատագրի համար:
Ավելի վաղ վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում նախանշել էր մի շարք ծրագրեր՝ հայտարարելով, որ Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի ամբողջ հատվածը: Իսրայելցի զինվորականներն արդեն վերահսկում են անկլավի մոտ երեք քառորդը։