Ամերիկյան հեղինակավոր Axios պարբերականը գրում է, որ Թրամփն այսօրվա հավաքը որակել է «պատմական խաղաղության գագաթնաժողով»՝ իրեն ներկայացնելով որպես համաշխարհային գլխավոր խաղաղարար։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքվելիք համաձայնագիրը նախատեսված է խաղաղություն ապահովելու համար, բայց նաև ունի զգալի տնտեսական բաղադրիչ։ Հայաստանը համաձայնել է թույլատրել իր տարածքով 43.5 կմ երկարությամբ միջանցքի անցկացում, որը կմշակվի ԱՄՆ-ի կողմից և կկոչվի «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»։ Այն կկապի Ադրբեջանի մեծ մասը թուրքական սահմանին գտնվող «փոքրիկ ադրբեջանական անկլավի» հետ։
«Հետաքրքիրն այն է, որ միջանցքը թույլ կտա, որ մարդիկ և ապրանքները տեղաշարժվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև և դրանից այն կողմ՝ դեպի Կենտրոնական Ասիա, առանց Իրանի կամ Ռուսաստանի միջով անցնելու։ Սա ներկայումս հնարավոր չէ, քանի որ հայ-ադրբեջանական սահմանը փակ է»,- գրում է պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Իրանը կտրականապես դեմ է նախագծին, Ռուսաստանը նույնպես քննադատել է այն, մինչդեռ Թուրքիան կողմ է։
«Այս խնդիրը ապաշրջափակելով՝ ամերիկացիները տարեկան միլիարդավոր դոլարներ կշահեն նոր առևտրից։ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կորցնում են իրենց ազդեցությունը աշխարհի այն մասում, որ նրանք համարում էին իրենց սեփական տիրույթը»,- նշում է պարբերականը։
Axios-ը իր այս հրապարակման մեջ ընդգծում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է միջանցքի նկատմամբ իր երկարատև դիմադրությունից։
«Թրամփի վարչակազմի մասնակցությունը հակամարտությանը սկսվեց մարտին, երբ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայից անսպասելի այցով ժամանեց Բաքու:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Ուիթքոֆը ուղևորությունը կատարել է Կատարի կառավարության խնդրանքով, ինչը նրան դրդել է փորձել գործարք կնքել:
Ուղևորությունից հետո Ուիթքոֆն իր թիմում հատուկ պետական ծառայող Արիա Լայթսթոունին հանձնարարել է ղեկավարել դիվանագիտական ջանքերը: Լայթսթոունը հինգ ուղևորություն է կատարել տարածաշրջան՝ կողմերի հետ բանակցելու համար:
Լայթսթոունը Իսրայելում այն ժամանակվա դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի գլխավոր օգնականն էր «Trump 1.0» ծրագրում և մտերիմ է Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Ինչպես է դա տեղի ունեցել. Թրամփի վարչակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է այն միտքը, որ համաձայնելով ԱՄՆ-ին թույլ տալ զարգացնել տարանցիկ միջանցքը՝ նա ձեռք կբերի ընկեր Վաշինգտոնում և հզոր բուֆեր՝ ընդդեմ Ադրբեջանի հետագա ցանկացած ներխուժման»,- գրում է պարբերականը։