Միջազգային

Երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն. Reuters

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հվ․ Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ։ Այս մասին գրում է հեղինակավոր Reuters պարբերականը՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին։

Սա համարվում է առանցքային փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամության էջը փակելու ճանապարհին։ ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծում են, որ այս նախաձեռնությունը կբացի տարածաշրջանի հաղորդակցային հնարավորությունները և կնպաստի կայունությանը՝ միաժամանակ խուսափելով ռազմական նոր բախումներից։

«Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող տարածաշրջան, որ հարևան է Ռուսաստանին, Եվրոպային, Թուրքիային և Իրանին և հատվում է նավթի և գազի խողովակաշարերով, բայց բաժանված է փակ սահմաններով և երկարատև էթնիկ հակամարտություններով»,- գրում է պարբերականը։

Ըստ պարբերականի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը կմիանան Դոնալդ Թրամփին՝ ստորագրելով շրջանակային համաձայնագիր, որն ուղղված է «խաղաղության կոնկրետ ուղուն» հասնելուն և տարանցման՝ վաղուց հասունացող խնդրի լուծմանը:

Համաձայն փաստաթղթերի մանրակրկիտ համաձայնեցված բաժնի, որոնք առաջնորդները կստորագրեն ուրբաթ օրը, Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները, որը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքի և կառավարման համար։

«Առևտրային նշանակության այս քայլը ապաշրջափակելու է տարածաշրջանը և կանխելու հետագա ռազմական գործողությունները», - ասել է պաշտոնյաներից մեկը:

Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը, որը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները 1992 թվականից ի վեր: