Միջազգային

Հիրոսիման նշում է ատոմային ռմբակոծության 80-ամյակը

Ճապոնիայի արևմտյան հատվածում գտնվող Հիրոսիմա քաղաքում այսօր նշվել է ԱՄՆ ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտոնյաներ, միջազգային հյուրեր, տարեց ականատեսներ, որոնք ահազանգել են՝ աշխարհը կրկին կանգնած է միջուկային վտանգի շեմին։

Տարելիցի հիմնական արարողությունը տեղի է ունեցել խաղաղության հուշահամալիրում, ներկաները լռությամբ հարգել են շուրջ 140․000 զոհերի հիշատակը։

Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին իր ելույթում քննադատել է միջազգային հանրության աճող հանդուրժողականությունը միջուկային զենքի նկատմամբ, հատկապես՝ Ուկրաինայում պատերազմական գործողությունների և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ֆոնին։

«Այս զարգացումները կոպիտ կերպով անտեսում են այն դասերը, որոնք մարդկությունը պիտի քաղած լիներ Հիրոսիմայից և Նագասակից»,-ասաց Մացուին։ «Նրանք վտանգում են քանդել խաղաղության կառուցման ճարտարապետությունը, որը ստեղծվել է տասնամյակների աշխատանքի արդյունքում»։

Նա կոչ արեց նոր սերունդներին զգոն լինել ու պայքարել այն քաղաքականության դեմ, որը կարող է բերել անմարդկային հետևանքների։