Միջազգային

Մոտ ապագայում Փեզեշքյանի այցը Հայաստան նոր էջ կբացի երկրների հարաբերություններում. Իրանի փոխնախագահ

Մոտ ապագայում Փեզեշքյանի այցը Հայաստան նոր էջ կբացի երկրների հարաբերություններում. Իրանի փոխնախագահ

Հայաստանն իր ուրույն տեղն ունի Իրանի բարիդրացիության քաղաքականության մեջ, իսկ Թեհրանի և Երևանի հարաբերությունները կառուցված են ամուր և անխախտ պատմամշակութային և քաղաքակրթական հիմքերի վրա. ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում

Նա նշել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև խորհրդակցությունները բավարար մակարդակի վրա են։

Խոսելով Հայաստան այցի և Եվրասիական միության գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև՝ երկկողմ խորհրդակցությունների մասին, առաջին փոխնախագահը նշել է. «Մենք նախաձեռնել ենք արժեքավոր համաձայնագրեր և միջոցառումներ, որոնք համապատասխանում են տարբեր ոլորտներում երկու երկրների ընդհանուր շահերին, ներառյալ՝ տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքները, առևտուրը, գյուղատնտեսությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթը և հասարակայնության հետ կապերը, որոնք պետք է քայլ առ քայլ խորացնենք»:

Նա ողջունել է տարածաշրջանում և հարևանների միջև խաղաղության բանակցությունները, ինչպես նաև՝ բանակցությունների միջոցով վեճերի լուծումը։

«Մենք ողջունում ենք տարածաշրջանում հարևանների միջև տևական խաղաղության և կայունության հաստատումը և գտնում ենք, որ խաղաղությունը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, և տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության»,- ընդգծել է նա։

Նա հավելել է, որ Իրանի սկզբունքային մոտեցումն է՝ աջակցել բարեկամ երկրների անդամակցությանը տարածաշրջանային կազմակերպություններին, և Իրանն աջակցում է Հայաստանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը:

Առաջին փոխնախագահը բարձր է գնահատել Իրանի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած բախման ժամանակ Հայաստանի կառավարության և ժողովրդի ցուցաբերած համակրանքը. «Մենք վստահ ենք, որ նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական