Միջազգային

Տուսկը հայտարարել է Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի սահմանափակման հնարավորությունը։ Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Լեհաստանի վարչապետը այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2024 թվականի մայիսին Վարշավայում հրդեհի գործով մեղադրվող Կոլումբիայի քաղաքացին գործել է Ռուսաստանի հետախուզության հանձնարարությամբ։

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է Շենգենի գոտում ազատ տեղաշարժի կանոնների կիրառման սահմանափակումը մի շարք երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Վրաստան, Հայաստան, Վենեսուելա և Կոլումբիա։

Տուսկի պարզաբանմամբ՝ նախկին Խորհրդային Միության երկրների քաղաքացիները «հասկանալի պատճառներով» ավելի խոցելի են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Նա նաև մատնանշել է Վրաստանի քաղաքացիների հետ կապված «կրիմինալ խնդիրները» և ընդգծել, որ «դա որևէ դեպքում ազգային հատկանիշ չէ, այլ վերաբերում է կազմակերպված հանցավոր խմբերին»։

Նրա խոսքով՝ Լեհաստանը երկրի տարածքից կհեռացնի բոլոր այն անձանց, որոնք խախտում են օրենքը։

Նշենք, որ հուլիսի 29-ին Լեհաստանի կառավարության ղեկավարն ասել էր, որ Լեհաստանում ձերբակալվել են 32 անձինք, որոնք կասկածվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ։ Նրանց թվում կան ռուսներ, ուկրաինացիներ և մեկ կոլումբիացի։

Հաշվի առնելով, որ Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, չունի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, այս հայտարարությունը Հայաստանի քաղաքացիների համար կարող է վերաբերել Շենգենյան վիզաների ստացման գործընթացի խստացմանը կամ լրացուցիչ ստուգումներին։