Ռուսաստանի 129 փոքր քաղաք, որոնցում ապրում է 3,4 միլիոն մարդ, կարող են անհետանալ ժողովրդագրական բացասական միտումների և բնակչության զբաղվածության նվազման ֆոնին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով RANEPA-ի փորձագետների հետազոտությունը։
Պարբերականը գրում է, որ 50 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում ներկայում բնակվում է ավելի քան 3,4 մլն մարդ, ընդ որում, վերջին 10 տարում նրանց թիվը նվազել է 314,5 հազարով: Բնակչության ամենամեծ նվազումը գրանցվել է ածխային, մետալուրգիական և փայտարդյունաբերական քաղաքներում։ Հետազոտության հեղինակները կարծում են, որ առավել մեծ ռիսկի են ենթարկվում Բրյանսկի, Նովգորոդի, Կիրովի մարզերի և Կրասնոյարսկի երկրամասի մի շարք բնակավայրեր:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ նման քաղաքներում զարգացման համար բավարար ներքին ռեսուրսներ չկան, փոքր քաղաքների մեծ քանակի պատճառով դժվար է նաև արտաքին ռեսուրսները հավասարաչափ բաշխել: Փոքր քաղաքներում բնակչության թվի ընդհանուր կտրուկ նվազման պատճառներից են համարվում զբաղվածության նվազումը և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների նվազումը։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ քաղաքային բնակավայրերի զարգացման համար անհրաժեշտ է ավելի քան 100,000 բնակչություն: