Պղինձը, երկրորդ օրն անընդմեջ, թանկանում է։ Պատճառը Չիլիում մետաղի արդյունահանման դադարեցումն է։ Հանքարդյունաբերական հսկա Codelco-ն պայքարում է աշխարհի ամենամեծ ստորգետնյա հանքերից մեկում տեղի ունեցած մահացու վթարի հետևանքների դեմ:
Bloomberg պարբերականը գրում է, որ 6 մարդ Է զոհվել էլ-Տենենտեում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով թունելի փլուզումից, որին բաժին է ընկնում Codelco-ի արտադրության ծավալի ավելի քան մեկ քառորդը: Ստորգետնյա աշխատանքները դադարեցվել են, և քանի որ ընկերությունը հետաքննություն է սկսել վթարի պատճառների վերաբերյալ, պարզ չէ, թե որքան կտևի դադարը, և արդյոք դա կազդի ընկերության արտադրական ծրագրերի վրա:
Անցյալ տարի Տենենտեի հանքավայրը արտադրել է 356 հզ․ տոննա պղինձ՝ այն դարձնելով Codelco-ի ամենամեծ հանքավայրը: Այս ծավալը համարժեք է Չինաստանում զտված պղնձի մեկ ամսվա ներմուծմանը:
Այս ֆոնին Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գինն աճել է 0,4% - ով և կազմել 9672 դոլար՝ 1 տոննայի դիմաց:
Հանքի աշխատանքի դադարեցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ համաշխարհային պղնձաձուլական գործարանները խիստ մրցակցության են բախվում մատակարարումների ապահովման համար: Վերամշակման վճարները, որը պղնձաձուլարանների եկամտի հիմնական աղբյուրն է, տեղական շուկայում մնում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա, իսկ Ֆիլիպիններում և Ճապոնիայում գործարանները կրճատել են արտադրությունը կամ փակվել: Նույնիսկ Չինաստանում, որտեղ արտադրությունը մնում է կայուն, կան ենթադրություններ, որ այն հասնում է իր սահմանային կետին։