ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները «չպետք է չափազանց լուրջ ընկալել», քանի որ նա «այլևս իրական դերակատար չէ ռուսական քաղաքականության մեջ»։
«Նա տարիներ առաջ ընդամենը ժամանակավոր նախագահ էր, մինչ Պուտինը վերադարձավ։ Այսօր նա որոշումներ չի կայացնում և ոչ մի կարևոր հանդիպման մասնակից չէ։ Այո, պաշտոնական դիրք ունի և կարող է սադրիչ հայտարարություններ անել, բայց դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ», – ասել է Ռուբիոն։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կարող է ռազմական դիմակայություն ցույց տալ ԱՄՆ-ին, Ռուբիոն ընդգծել է, որ նման սցենար «անհնար է պատկերացնել».
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմ չի կարող լինել․ երկու երկրներն էլ ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, և դրա վտանգը չափազանց մեծ է։ Ռուսաստանի ավանդական ռազմական հնարավորությունները չեն համեմատվի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի շատ երկրների հետ։ Նրանք արդեն դժվարությամբ են դիմակայում Ուկրաինային»,- ընդգծել է նա։
Ռուբիոն զգուշացրել է «փոքր բախման կամ սխալ հաշվարկի» հավանական վտանգի մասին, որը կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի․
«Եթե նման բախում լինի, Ռուսաստանը կարող է փորձել մարտադաշտում մարտավարական միջուկային զենք կիրառել՝ իրավիճակը սրելու, հետո կանգնեցնելու համար։ Բայց մենք չպետք է դա պատկերացնենք. նման պատերազմը ոչ իրատեսական է, ոչ էլ՝ հնարավոր»,- հավելել է նա։
Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ-ի հիմնական նպատակը պետք է մնա լարվածության վերահսկումը և նման սխալ հաշվարկներից խուսափելը։