Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում շատ հավանական է համարել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Ես շատ հավանական եմ համարում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որովհետև դա բխում է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերից։ Եթե ինտեգրման գործընթացը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում արագանա, ապա Չինաստանից սկսվող և Միջին միջանցքով Լոնդոն գնացող կարևոր նավթատարների և գազատարների ցամաքային ճանապարհների և երկաթուղագծերի՝ ավելի արագ և կարճ անցումը հնարավոր կլինի միայն «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ»,- ասել է նա։
Ըստ դեսպանի՝ միջանցքը պետք է դիտարկել ոչ միայն արևելքի և արևմուտքի, այլև՝ հյուսիսի և հարավի տեսանկյունից։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո «3+3» ձևաչափը մշտապես քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումներում։ Այսինքն, այդ ձևաչափում ընդգրկվել են ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանում, այլ նաև Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, որպեսզի հնարավոր լինի գտնել բոլորի շահերը բավարարող լուծում։ Չնայած՝ ժամանակ առ ժամանակ որոշակի քննարկումներ են ընթանում, ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի առաջիկա 1-2 տարվա ընթացքում, հատկապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմամբ: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, հատկապես, միջին միջանցքի արդյունավետության ապահովման և արևելք-արևմուտք ուղղությամբ առևտրի ծավալների ավելացման տեսանկյունից։ Բայց որպես դիվանագետ՝ չեմ կարող նշել «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվը։ Քանի որ ոչ ոք դա չգիտի, դա բազմաչափ խաղ է: Նախ, Ադրբեջանն ու Հայաստանը, որպես երկու անկախ պետություն, պետք է որոշում կայացնեն այս հարցի շուրջ»,- ընդգծել է թուրք դեսպանը։