Միջազգային

Սիրիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպումից հետո կմեկնի Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդունել է Մոսկվայում այցով գտնվող Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շայբանիին։ 

«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում շարունակվող անցումային գործընթացներին։ Անկեղծորեն ցանկանում ենք, որ սիրիացի ժողովուրդը, որի հետ մեզ կապում են երկարամյա բարեկամական հարաբերությունները, դիմանա մարտահրավերներին և լիովին կարգավորի իրավիճակը». ասել է Սերգեյ Լավրովը։

Սիրիայի արտգործնախարարն էլ նշել է, որ ընթացիկ շրջանը լի է տարբեր մարտահրավերներով և սպառնալիքներով, բայց դա նաև հնարավորություն է՝ միասնական, ուժեղ Սիրիա կառուցելու համար. «Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանը մեր կողքին լինի այդ ճանապարհին»,- ասել է նա։ 

Լավրովը նախարարի միջոցով հրավեր է ուղարկել Սիրիայի նախագահին՝ մասնակցելու Ռուսաստան-Արաբական պետությունների լիգա առաջին գագաթնաժողովին։ 

Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին։

Ավելի վաղ AFP-ն հայտնել էր, որ Սիրիայի ԱԳ նախարարը հուլիսի 31-ին կժամանի Բաքու, որտեղ հանդիպում կունենա Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ:

Գլխավոր հարցը, որը կողմերը պատրաստվում են քննարկել Ադրբեջանի մայրաքաղաքում, վերաբերում է անվտանգության հարցին, հատկապես, Սիրիայի հարավում: