Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով նաև ցունամի է եղել։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր առափնյա տարածքները, մինչև Կալիֆոռնիա, ստացել են մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին նախազգուշացում։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։
Կամչատկայի արևելյան ափին 3-4 մետր բարձրությամբ ալիքներ են հասել։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է ցունամին հեղեղում ափին գտնվող գործարանը։
8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկուց մոտ 150 կմ հեռավորության վրա, օջախը՝ 17 կմ խորության վրա։
Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ամբողջ ափի երկայնքով։
Ավելին, ԱՄՆ-ի Ցունամիի մասին նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ ալիքները կարող են հասնել նաև Հարավային Ամերիկայի ափերին՝ մինչև Էկվադոր և Չիլի։
Սեյսմոլոգների խոսքով՝ սա 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո տարածաշրջանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն է, երբ Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում զոհվել էր առնվազն 2000 մարդ։