Մասամբ ճանաչված Պաղեստին պետության վարչապետ Մոհամմադ Մուստաֆան հայտարարել է, որ պատերազմից տուժած Գազայի հատվածում անվտանգությունը վերականգնելու համար ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի և Գազայի վերահսկողությունը հանձնի Պաղեստինի ինքնավարությանը։
«Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայի հատվածից, իսկ ՀԱՄԱՍ- ը պետք է հրաժարվի իշխանությունից այդ տարածաշրջանում և զենքը փոխանցի Պաղեստինյան ինքնավարությանը»,- ասել է Մուստաֆան Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած խորհրդաժողովում, որը նվիրված է եղել երկու պետությունների սկզբունքի հիման վրա պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին Պաղեստինյան օրենսդիր խորհրդի ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո նրա և ինքնավարությունը ղեկավարող ՖԱԹՀ շարժման միջև սուր առճակատում սկսվեց: Միջազգային հանրությունը չի ճանաչել ՀԱՄԱՍ-ի կառավարության լեգիտիմությունը՝ Իսրայելը ճանաչելու, բռնությունը դատապարտելու և նախկինում ստորագրված համաձայնագրերը հետևողական մերժելու պատճառով: ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի միջև լարվածությունն արագորեն վերածվեց բացահայտ հակամարտության։
2007-ի հունիսին ՀԱՄԱՍ-ը կարճ, բայց դաժան զինված պայքարի արդյունքում ամբողջությամբ գրավեց Գազայի հատվածի վերահսկողությունը՝ այնտեղից վտարելով ՖԱԹՀ-ի ուժերին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատականներով՝ մեկշաբաթյա մարտերի ընթացքում առնվազն 118 մարդ Է զոհվել, ավելի քան 550-ը՝ վիրավորվել: Այդ պահից Պաղեստինի ինքնավարությունը փաստացիրոնե պառակտվել է. ՀԱՄԱՍ-ը սեփական իշխանությունը հաստատել է Գազայում, իսկ ՖԱԹՀ-ը պահպանել է վերահսկողությունը Արևմտյան ափի նկատմամբ: