Դուբայի օդանավակայանի հայտարարության մեջ ասվում է, որ առաջին կիսամյակն ամենածանրաբեռնվածն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում, տարեկան կտրվածքով աճը կազմել է 2,3 տոկոս, չնայած մայիսին և հունիսին տարածաշրջանային օդային տարածքի ժամանակավոր խափանումներին:
Իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմի ընթացքում ավիաընկերությունները չեղյալ էին հայտարարել թռիչքները Մերձավոր Արևելքի բազմաթիվ ուղղություններով, քանի որ որոշ երկրների կառավարություններ փակել էին իրենց օդային տարածքը:
2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում միջին ամսական ուղևորահոսքը կազմել է մոտ 7,7 միլիոն ուղևոր կամ օրական 254 հազար ուղևոր:
«Հիմնվելով այսօրվա մեր արդյունքների և դրական կանխատեսումների վրա՝ մենք ակնկալում ենք, որ այս տարի տարեկան ուղևորահոսքը կհասնի 96 միլիոնի, ինչը մեզ կմոտեցնի խորհրդանշական 100 միլիոնի սահմանագծին», - ասել է Dubai Airports-ի գործադիր տնօրեն Փոլ Գրիֆիթսը:
2024 թվականին Դուբայի միջազգային օդանավակայանը գրանցել է պատմության մեջ ամենաբարձր տարեկան ուղևորահոսքը՝ կազմելով 92,3 միլիոն մարդ։
Դեպի Դուբայ ուղևորահոսքի ցուցանիշով առաջատարներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Բրիտանիան:
Էմիրությունների քաղաքը, որը գտնվում է Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի միջև, արդեն տասը տարի համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված օդային հանգույցը միջազգային ուղևորների համար:
Դուբայը նախատեսում է 2032 թվականին ընդլայնել օդանավակայանը 35 միլիարդ դոլարով և տեղափոխել այն Ալ Մաքթում միջազգային օդանավակայան, որը գտնվում է քաղաքի ծայրամասում:
Նոր օդանավակայանը կընդլայնվի փուլերով, որի վերջնական թողունակությունը կկազմի շուրջ 240 միլիոն մարդ, և ակնկալվում է, որ այն կդառնա աշխարհում ամենամեծը։