Նյու Յորքի Միդթաունի երկնաքերում, որտեղ տեղակայված են մի շարք ֆինանսական ընկերությունների գրասենյակներ, տղամարդը կրակ է բացել՝ սպանելով չորս մարդու, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության 36-ամյա աշխատակցի, ապա ինքնասպանություն գործել։
Ըստ ոստիկանների՝ հանցագործը՝ 27-ամյա Շեյն Տամուրան, Լաս Վեգասից Նյու Յորք է հասել մեքենայով՝ երեք օրում։
Տեսահսկման համակարգից ստացված կադրերում երևում է, որ նա սև գույնի BMW մեքենան կայանել է Պարկ պողոտայում, ձեռքին M4 տիպի հրացան, մտել շենքի նախասրահ և անմիջապես կրակել ոստիկանության աշխատակցի վրա։ Դրանից հետո նա սպանել է սյունի հետևում թաքնված մի կնոջ, այնուհետև կրակոցներով սպանել է անվտանգության աշխատակցին, որը թաքնվել էր գրասեղանի հետևում, և նախասրահում գտնվող ևս մեկ տղամարդու։
Հանցագործը գործել է միայնակ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննությունը շարունակվում է։ Նախնական տվյալներով՝ Տամուրան չի ունեցել նշանակալի քրեական անցյալ։
