Բրիտանական դեսպանատունը Վրաստանում արձագանքել է Լոնդոնի կողմից ռուսական հատուկ ծառայությունների նկատմամբ նոր սահմանված պատժամիջոցներին՝ ընդգծելով Մոսկվայի աճող սպառնալիքը ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 20 ռուս գործակալների, հաքերների և կազմակերպությունների նկատմամբ սահմանված սահմանափակումները վերաբերում են «կիբերհարձակումների և ապատեղեկատվության շարունակական արշավին», որը սպառնում է եվրոպական կայունությանը։
Դեսպանատունը հիշեցնում է, որ Ռուսաստանն արդեն ունեցել է ներգործություն Վրաստանում՝ մասնավորապես 2019թ․ «կործանարար» կիբերհարձակման փորձով։ Դրան ի պատասխան՝ 2020-ին Բրիտանիան ու նրա գործընկերները պաշտոնապես հաստատել էին, որ հարձակումը կազմակերպվել է Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ԳՌՈւ-ի կողմից։
Միևնույն ժամանակ, բրիտանական կողմը բացահայտորեն քննադատում է Վրաստանի ներկայիս կառավարության դիրքորոշումը․ ըստ դեսպանատան՝ «վերջին շրջանում «Վրացական երազանքը» հեռացել է եվրատլանտյան ուղուց», ինչն ավելի է խորացնում երկրի խոցելիությունը ռուսական կիբերհարձակումների հանդեպ։
«Բրիտանիան և Վրաստանը միասին աշխատել են կիբերհդիմակայունության վրա, սակայն այժմ, երբ Վրաստանի կառավարությունը թուլացնում է կապերը արևմտյան գործընկերների հետ, Ռուսաստանը շարունակում է սպառնալ երկրի անվտանգությանը, այդ թվում՝ թվային հարթակում»,- նշում է հայտարարությունը։
Բրիտանիայի ԱԳՆ-ի համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել ԳՌՈւ-ի երեք ստորաբաժանումներ և 18 սպաներ, որոնց Լոնդոնը մեղադրում է ինչպես Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի դեմ հարվածների, այնպես էլ նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի նկատմամբ իրականացված թունավորման գործում։