Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել։
Axios-ի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում և տևել է չորս ժամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ։
Հանդիպմանը Իսրայելը ներկայացրել է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ Սիրիան՝ արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին։
Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ գագաթնաժողովի նպատակն էր հարավային Սիրիայի անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի ձեռքբերումը՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը պահպանելու և անցյալ շաբաթվա նման ճգնաժամից խուսափելու համար։
Իսրայելի կառավարությունը հույս ունի, որ սահմանային անվտանգության հարցերից բացի, Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովը «կհանգեցնի Սիրիայի պատրաստակամության աճի՝ Իսրայելի հետ դիվանագիտական քայլեր ձեռնարկելու համար»։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Փարիզում այս կիսահանրային հանդիպումը հաջորդել է վերջին մի քանի ամիսների ընթացքում իսրայելցի և սիրիացի պաշտոնյաների միջև բազմաթիվ գաղտնի հանդիպումներին։