Մոսկվան Երևանի հետ քննարկում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) փոխգործակցությունը և մտահոգություն հայտնում որոշ հարցերի շուրջ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները:
«Այստեղ խոսքը չի գնում ԵՄ-ին անդամակցելու [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կան կառավարության որոշ ակտեր, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- ասել է նա։
Նրա խոսքով, մասնավորապես, խոսքը վերաբերում է ԵՄ, ԱՄՆ և այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլատրմանը, որը չի համապատասխանում ԵԱՏՄ սերտիֆիկացմանը:
Օվերչուկը նաև հայտնել է, որ Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության կրճատումը:
«Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը, քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի այստեղ իրավիճակը կարգավորվի», - հավելել է Օվերչուկը։