Միջազգային

Ապաշրջափակման հարցում Վաշինգտոնը նոր բան չի կարող առաջարկել. Զախարովա

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի՝ ուղիղ երկխոսության շրջանակներում երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու որոշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը շահագրգռված է կայուն, անվտանգ, խաղաղ, բարգավաճ Հարավային Կովկասով։ Եվ դրան հասնելու համար անհրաժեշտ պայմաններից մեկն, իհարկե, Բաքվի և Երևանի երկար սպասված հաշտեցումն է»,- ասել է նա։ 

Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական աջակցությամբ 2020 թվականին մեկնարկել է հայ-ադրբեջանական կարգավորման մեծ փուլը»:

Նա ընդգծել է, որ Մոսկվայում տեսնում են Վաշինգտոնի՝ տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման գործընթացին միջամտելու փորձերը:

«Իրականում ոչ մի նոր բան, բացի նրանից, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, նրանք չեն կարող առաջարկել»,-հայտարարել Է Զախարովան: