Միջազգային

Զելենսկին խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկայում Գերագույն ռադային կներկայացնի նոր օրինագիծ՝ ուղղված Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի (ՆԱԲՈՒ) անկախության պահպանմանը։ Նախագահի այս նախաձեռնությունը հետևել է վերջին օրերին Կիևում ծավալված բողոքի ակցիաներին՝ ընդդեմ օրենսդրական փոփոխությունների, որոնք ՆԱԲՈՒ-ն փաստացի ենթարկեցնում են Գլխավոր դատախազությանը։

«Ես խորհրդարան կուղարկեմ օրինագիծ, որն ուղղված կլինի իրավապահ համակարգի կայունության ապահովմանը։ Ոչ մի ազդեցություն կամ միջամտություն չի լինի իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ։ Ամենակարևորը՝ կպահպանվեն բոլոր անհրաժեշտ նորմերը հակակոռուպցիոն կառույցների անկախության համար», — հայտարարել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ իշխանությունները լսում են քաղաքացիների արձագանքները։ «Բոլորը լսում են՝ ինչ են ասում մարդիկ սոցիալական ցանցերում, իրար և փողոցներում», — հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ընդունված օրենքը մեծ դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի հասարակությունում և դարձել է բողոքի ալիքի պատճառ։