Միջազգային

Մակրոնն ու կինը բլոգերի դեմ հայց են ներկայացրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատական հայց են ներկայացրել բլոգեր Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է որպես տղամարդ:

Ըստ AFP-ի, 218 էջանոց հայցադիմումը ներկայացվել է ԱՄՆ Դելավեր նահանգի դատարան: Հայցում նշվում է, որ Օուենսը տարածում է «անհեթեթ, զրպարտիչ և հորինված» տեղեկություններ:

Օուենսը, որը սոցիալական ցանցերում ունի միլիոնավոր հետևորդներ, բազմիցս հայտարարել է, որ Բրիջիթ Մակրոնը ժամանակին սեռափոխություն է կատարել: Նա նաև թողարկել է «Դառնալ Բրիջիթ» վերնագրով տեսանյութերի շարք:

Սոցիալական ցանցերում տարիներ շարունակ շրջանառվող դավադրության տեսությունը պնդում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինը ծնվել է Ժան-Միշել Տրոնյո անունով (որն իրականում նրա եղբոր անունն է): Այս տեսությունը որևէ ապացույցով հաստատված չէ:

Ֆրանսիայի նախագահը և նրա կինը փաստաբանների միջոցով հայտարարել են, որ բազմիցս խնդրել են Քենդիս Օուենսին հրաժարվել այդ պնդումներից, սակայն «իվերջո ընդունել են, որ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը դատարան դիմելն է»: