ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում կայցելի Չինաստան: Նա հաստատել է, որ իրեն արդեն երկիր է հրավիրել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։ Ամերիկացի առաջնորդը նման հայտարարություն է արել Սպիտակ տանը ֆիլիպինցի իր գործընկեր Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա Չինաստանում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա հնարավոր է: Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի հաստատել այս տեղեկատվությունը:
«Մենք բազմաթիվ հնարավոր հանդիպումներ ունենք պլանավորված։ Նախագահ Սին ինձ հրավիրեց Չինաստան, և, ամենայն հավանականությամբ, մենք այնտեղ կգնանք մոտ ապագայում։ Դա շուտով չէ, բայց շատ հեռու էլ չէ։ Շատ առաջնորդներ ինձ հրավիրել են, և մենք մոտ ապագայում որոշումներ կկայացնենք այդ մասին», - ասել Է Թրամփը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում, որ սեպտեմբերին Պեկինում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: