Միջազգային

Ուկրաինայի հետ գագաթնաժողովը հնարավոր է միայն հուշագրերը համաձայնեցնելու դեպքում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գագաթնաժողովի անցկացումը նպատակահարմար կլինի միայն այն դեպքում, եթե նախապես համաձայնեցվեն կողմերի առաջարկած խաղաղության հուշագրերը։ Պեսկովը նման հայտարարություն է արել լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության՝ գագաթնաժողովի վերաբերյալ բարձրացված ակնկալիքները։

«Այն ամբողջ աշխատանքը, որը պետք է կատարվի հուշագրերի համաձայնեցման ուղղությամբ, հենց դա էլ նախապատրաստում է բարձր մակարդակով հանդիպումը։ Առանց այդ բարդ աշխատանքի իրականացման՝ պարզապես անիմաստ է անցկացնել գագաթնաժողով»,- նշել է նա։

Նշենք, որ Պեսկովը նաև հաստատել է, որ այսօր երեկոյան Ստամբուլում նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։

Նախորդ՝ երկրորդ փուլում կողմերը փոխանակվել են խաղաղության կարգավորման հուշագրերի նախագծերով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ բանակցությունների առանցքային թեման պետք է լինի առաջնորդների հանդիպումը, սակայն Մոսկվան շարունակում է առաջնահերթ համարել հուշագրի մշակումը։