Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենքի նախագիծ, որով սահմանափակվում է Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի (НАБУ) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազության (САП) անկախությունը։
Երեկ ուշ երեկոյան հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հայտարարել է, որ երկրի հակակոռուպցիոն կառույցները շարունակելու են գործել։ Նա, սակայն, չի անդրադարձել այն բողոքի ակցիաներին, որոնց մասնակիցները կոչ էին անում չստորագրել տվյալ օրենքը։
«Ես զրուցել եմ НАБУ-ի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսի, САП-ի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ։ Քննարկել ենք մի շարք մարտահրավերներ։ Հակակոռուպցիոն մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը, սակայն առանց ռուսական ազդեցության, որը պետք է լիովին վերացվի»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է․ «Իհարկե, НАБУ-ն և САП-ը կշարունակեն գործել։ Կարևոր է, որ գլխավոր դատախազը վճռական տրամադրվածություն ունի՝ ապահովելու օրենքի խախտման դեպքերում անխուսափելի պատասխանատվություն։ Սա այն է, ինչ իրապես անհրաժեշտ է Ուկրաինային։ Բոլոր ձգձգված գործերը պետք է քննվեն»։
Հակակոռուպցիոն կառույցների ղեկավարները կոչ էին արել նախագահին՝ չստորագրել օրինագիծը։ Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ օրենքի դեմ։ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հաղորդմամբ՝ НАБУ-ն և САП-ը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին՝ իրենց ցուցաբերած աջակցության համար։
НАБУ-ից հայտնել են․ «НАБУ-ի կոլեկտիվը անկեղծորեն տպավորված է այն աջակցության չափով, որ տեսանք երկրով մեկ կազմակերպված ինքնաբուխ ակցիաների ընթացքում։ Մենք երախտապարտ ենք յուրաքանչյուր քաղաքացու։ Այդ աջակցությունը մեզ համար շատ կարևոր է և խորապես գնահատվում է։ Մենք այն ընկալում ենք որպես վստահության նշան մեր կառույցի նկատմամբ և կանենք առավելագույնը՝ այդ վստահությունն արդարացնելու համար»։
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը սոցիալական ցանց «X»-ում քննադատել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը՝ նշելով․ «НАБУ-ի անկախությունը պաշտպանող հիմնարար մեխանիզմների վերացումը լուրջ հետընթաց է»։ Նա ընդգծել է․ «Նման անկախ մարմինները, ինչպիսիք են НАБУ-ն և САП-ը, առանցքային նշանակություն ունեն ԵՄ անդամակցության գործընթացում։ Օրենքի գերակայությունը մնում է Եվրամիության հետ բանակցությունների առանցքում»։