Միջազգային

Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մինչև հաջորդ ամսվա վերջ կհայտարարի իր հրաժարականի մասին։ Այս մասին գրում են ճապոնական լրատվամիջոցները՝ նշելով, որ նման որոշման պատճառը խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունն է։

«Վարչապետը նախատեսում է մինչև հուլիսի վերջ հրապարակել իր հրաժարականի որոշումը՝ պատասխանատվություն վերցնելով հուլիսի 20-ին կայացած խորհրդարանի վերին պալատի ընտրություններում իշխող կոալիցիայի պարտության համար»,– նշում են ճապոնական աղբյուրները։

Մինչ այդ, Շիգերու Իշիբան և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էին առևտրային համաձայնագիր, որը նախատեսում է նվազեցնել ճապոնական ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը՝ փոխարենը պաշտպանելով Ճապոնիան այլ ապրանքների նկատմամբ կիրառվող պատժիչ տուրքերից։

«Յոմիուրի» թերթի փոխանցմամբ՝ երեքշաբթի երեկոյան Իշիբան իր մերձավորներին հայտնել է, որ մտադիր է հրաժարական ներկայացնել՝ ընտրություններում պարտության պատասխանատվությունն իր վրա վերցնելու նպատակով, երբ ավարտին հասցնի ամերիկյան կողմի հետ առևտրային համաձայնագրի գործընթացը։

Վարչապետի հեռանալը՝ պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ տարի անց, կբերի նոր ղեկավարի ընտրության գործընթացի մեկնարկին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում (LDP)։

Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը Շիգերու Իշիբան կհանդիպի իշխող կուսակցության առանցքային ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ընտրությունների արդյունքները։