76 տարեկան հասակում մահացել է լեգենդար ռոք երաժիշտ Օզի Օսբորնը։ Այս մասին ասվում է Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկի ընտանիքի հայտարարության մեջ։
«Ցավով, որը դժվար է բառերով արտահայտել, հայտարարում ենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ Մենք խնդրում ենք բոլորին հարգել մեր ընտանիքի անձնական կյանքը այս դժվարին ժամանակահատվածում»,- ասվում է հայտարարության մեջ։
Օսբորնը մահացել է Բիրմինգհեմում հրաժեշտի համերգ տալուց ընդամենը 16 օր անց։ Այդ ժամանակ նրան բեմում 20 տարվա ընթացքում առաջին անգամ միացան Black Sabbath ռոք խմբի դասական կազմի ներկայացուցիչները՝ կիթառահար Թոնի Այոմին, բասիստ Գիզեր Բատլերը և թմբկահար Բիլ Ուորդը։
2023 թվականին Օսբորնը հայտարարեց իր շրջագայությունների ավարտի մասին՝ 2019 թվականին ստացած ողնաշարի վնասվածքի հետևանքով առաջացած առողջության վատթարացման պատճառով։ 2020 թվականին Օսբորնն առաջին անգամ հրապարակավ խոսել էր Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի մասին։ Ընդհանուր առմամբ՝ Օսբորնն իր կեսդարյա կարիերայի ընթացքում տվել է ավելի քան 2,5 հազար համերգ։