Միջազգային

Վրաստանը հետևում է հայ-ադրբեջանական երկխոսությանը. ԱԳ նախարար

Մենք քննարկել ենք տարածաշրջանում կայունության կարևորությունը։ Վրաստանն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող երկխոսությանը։ Մենք ողջունում ենք խաղաղության համաձայնագիրը, որը, հուսով ենք, կստորագրվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել Է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ:

«Մենք միշտ ասել ենք և շարունակելու ենք կրկնել, որ Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Ուրախ ենք, որ ապրիլի 17-ին հնարավորություն ունեցանք եռակողմ հանդիպում անցկացնելու։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, երբ բոլոր երեք երկրների փոխնախարարները հավաքվեցին Թբիլիսիում և քննարկեցին տարածաշրջանային նշանակության հարցեր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով երեք երկրների համագործակցությունը շարունակելու ներուժ ունենք»,- ասել է նա։

Ըստ Բոճորիշվիլիու՝ այսօր ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը կարելի է դիտարկել որպես յուրատեսակ հնարավորություն Վրաստանի և Ադրբեջանի շահերը պաշտպանելու, տարածաշրջանի այլ երկրների հետ լայն համագործակցություն զարգացնելու և այդ իրավիճակում երկրների ունեցած ներուժն առավել լիարժեք օգտագործելու տեսանկյունից: