Բալթիկ ծովի Լեհաստանին հարող տարածքում, հայտնաբերվել է երկրի խոշորագույն նավթային հանքավայրը: Այս մասին հայտնել է կանադական Central European Petroleum (CEP) ընկերությունը։ Լեհական Սվինոուզցե կղզու մոտ գտնվող հորատանցքերում հայտնաբերվել է մոտ 22 միլիոն տոննա նավթ և 5 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ներկայումս գնահատվում է, որ ընդհանուր առմամբ Բալթիկ ծովի այս տարածքում, որը սահմանակից է Գերմանիային, կա ավելի քան 33 միլիոն տոննա արդյունահանվող հում նավթի պաշարներ և 27 միլիարդ խորանարդ մետր գազ: Լեհական ԶԼՄ-ների տվյալներով՝ այն երկրի խոշորագույն նավթային հանքավայրն է։
Հումքի արդյունահանումը կարող է սկսվել 2028-2030 թվականներին։ Մինչ այդ անհրաժեշտ է հաստատել հանքավայրի շահագործման պլանը և ապահովել բնապահպանական նորմերի պահպանումը, նշում են տեղական ԶԼՄ-ները:
Նոր հանքավայրի հաշվին Լեհաստանի գնահատված նավթային պաշարները, որոնք 2023 թվականին կազմել են 20,24 մլն տոննա, կարող են ավելի քան կրկնապատկվել։ ԵՄ տվյալների համաձայն՝ 2023 թվականին Լեհաստանը սպառել է մոտ 30 միլիոն տոննա նավթ և նավթամթերք։ Բնակչության կողմից բնական գազի տարեկան սպառումը՝ մոտ 20 միլիարդ խորանարդ մետր է կազմել։